Արսեն Բեգլարյանը գերազանցեց Ապուլա Բետեի ռեկորդը
"Բանանցի" հետ խաղում "Գանձասարի" 19-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանն ընթացիկ առաջնությունում դարպասը 9-րդ անգամ անառիկ պահեց: Այս ցուցանիշը ռեկորդային է ՀՀ առաջնություններում հանդես եկած 19-ամյա դարպասապահների շրջանում: Բեգլարյանը գերազանցեց "Փյունիկի" նախկին դարպասապահ Ապուլա Բետեի տարիքային ռեկորդը, ով 2005թ. 19 տարեկանում առաջնությունում անցկացրած 12 հանդիպումներից 8-ում դարպասն անառիկ էր պահել:
"Կրասնոդարի" երիտասարդական թիմում հանդես եկած Արսեն Բեգլարյանը Հայաստան տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի Եվրագավաթների շեմին: Պաշտոնական առաջին խաղն էլ 19-ամյա դարպասապահն անցկացրեց հուլիսի 12-ին Ֆարերների "Ստրեյմուրի" հետ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում: "Հանրապետական" մարզադաշտում կայացած այդ խաղում "Գանձասարի" նորեկը դարպասը պահեց անառիկ' օգնելով թիմակիցներին հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու:
Հայաստանի առաջնությունում էլ Արսեն Բեգլարյանի նորամուտը հաջող անցավ: Հուլիսի 29-ին "Ուլիսի" հետ երևանյան մրցախաղում "Գանձասարի" դարպասապահը դարձյալ գոլ բաց չթողեց: Եվ միայն հաջորդ տուրում, օգոստոսի 4-ին Կապանում "Բանանցի" հետ մրցավեճի 40-րդ րոպեին մրցակցի 16-ամյա ֆուտբոլիստ Լևոն Անանյանին հաջողվեց խոցել Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
Ստացվեց այնպես, որ Արսեն Բեգլարյանը տեղափոխվելով "Գանձասար", միանգամից իր հաստատուն տեղը զբաղեցրեց թիմի դարպասում, որը մինչ այդ բավականին հուսալիորեն պաշտպանում էր Գևորգ Պրազյանը: Վերջինս անցկացրած 13 հանդիպումներում ընդամենը 10 գոլ էր բաց թողել, 7 անգամ դարպասը պահել էր անառիկ: Արսեն Բեգլարյանն առաջնությունում անցկացրած 17 հանդիպումներում նույնքան գնդակ է բաց թողել:
Արսեն Բեգլարյանը դարձավ "Գանձասարի" 3-րդ դարպասապահը, ով տարիքային ռեկորդ սահմանեց: Թիմի նախկին դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլուն են պատկանում 25 և 28 տարեկանների տարիքային ռեկորդները, իսկ Էդիկ Երիցյանը "Գանձասարում" ռեկորդի հեղինակ է դարձել 36 տարեկանում:
Դարպասապահների տարիքային ռեկորդների ցանկում բացարձակ լավագույն արդյունքը պատկանում է նախկին շիրակցի, ներկայումս թիմի դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանին, ով 1992թ. առաջնությունում անցկացրած 30 հանդիպումներից 21-ում դարպասն անառիկ է պահել: Այդ տարի նա առաջնության մեկնարկային 8 հանդիպումներում գոլ բաց չէր թողել, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:
Ներկայացնում ենք առաջնության հանդիպումներում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով ռեկորդային ցուցանիշներն ըստ տարիքների (փակագծում նշված է անցկացրած խաղերի քանակը):
Տարիք |
Դարպասապահ |
Ակումբ |
Անառիկ |
Թվական |
16 |
Հայկ Դանիելյան |
"Բանանց" |
4(6) |
1993 |
17 |
Ապուլա Բետե |
"Փյունիկ" |
12(21) |
2003 |
18 |
Ապուլա Բետե |
"Փյունիկ" |
8(23) |
2004 |
19 |
Արսեն Բեգլարյան |
"Գանձասար" |
9(17) |
2012 |
20 |
Կարեն Բաբայան |
"Փյունիկ" |
10(21) |
1997 |
21 |
Արա Աբրահամյան |
ՀՄՄ-ՖԻՄԱ |
9(33) |
1992 |
22 |
Գրիգոր Մելիքսեթյան |
"Փյունիկ" |
14(29) |
2008 |
23 |
Հարություն Աբրահամյան |
"Արարատ" |
13(23) |
1992 |
24 |
Արթուր Հովհաննիսյան |
"Շիրակ" |
21(30) |
1992 |
25 |
Լևան Բուբուտեիշվիլի |
"Գանձասար" |
13(27) |
2008 |
26 |
Գարեգին Նաջարյան |
"Բանանց" |
14(34) |
1992 |
- |
Արթուր Լեսկո |
"Փյունիկ" |
14(25) |
2010 |
27 |
Գարեգին Նաջարյան |
"Բանանց" |
14(25) |
1993 |
28 |
Լևան Բուբուտեիշվիլի |
"Գանձասար" |
17(28) |
2011 |
29 |
Արթուր Հովհաննիսյան |
"Շիրակ" |
12(19) |
1997 |
30 |
Հարություն Աբրահամյան |
"Արարատ" |
17(31) |
1999 |
31 |
Ռայմոնդ Զադուրյան |
"Շիրակ" |
14(22) |
2002 |
- |
Վլադիմիր Մալկով |
"Ուլիս" |
14(26) |
2011 |
32 |
Հարություն Աբրահամյան |
"Արաքս" |
12(20) |
2001 |
33 |
Բագրատ Ստեփանյան |
"Քասախ" |
13(33) |
1992 |
34 |
Արմեն Ավագյան |
"Փյունիկ" |
15(21) |
1996 |
35 |
Արմեն Ավագյան |
"Փյունիկ", "Էրեբունի-ՀՄՄ" |
10(17) |
1997 |
- |
Պասկալ Ռուսո |
"Երևան" |
10(16) |
1997 |
36 |
Էդիկ Երիցյան |
"Գանձասար" |
11(22) |
2007 |
37 |
Արմեն Ավագյան |
"Էրեբունի" |
6(12) |
1999 |
40 |
Ռոբերտ Պալյան |
"Կանազ" |
6(14) |
1992 |